Aztag Daily: Պոլիս. Անցեալը Հանգիստ Չի Տալիս. Ցեղասպանութեան Առաջին Յուշարձանը` Կեզի Այգում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul-Hagopian12Պոլսի Կեզի այգու իրադարձութիւնները առիթ դարձան, որպէսզի կրկին անգամ խօսք բացուի Հայոց ցեղասպանութեանը նուիրուած առաջին յուշարձանի մասին: Պարզւում է, որ այն կանգնեցուել է քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից այդ այգում` 1919- ին, սակայն տարիներ անց այն քանդել են իշխանութեան եկած քեմալականները:

Կեզի այգու իրադարձութիւններին առաջիններից մէկը անդրադարձաւ հանրայայտ ռոք երգիչ եւ հասարակական ակտիւիստ Սերժ Թանքեանը: Սիրուած երգիչը յիշեցրեց, որ Կեզի այգին կառուցուել է հին հայկական գերեզմանատան տեղում: «Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարութիւնը, որը առանց դատ ու դատաստանի լրագրողներին բանտարկում է եւ հերքում է 1.5 միլիոն հայերի, յոյների ու ասորիների ցեղասպանութիւնը, չի վարանում ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Թաքսիմի Կեզի այգին` յարակից միջազգային հիւրանոցներով, կառուցուել է հին հայկական գերեզմանոցի տեղում: Անհնար է թաքցնել ձեր անցեալի ոսկորները ձեր ներկայ վարքագծով: Ես ցնցուած եմ Օպամայի մերձաւորութիւնից այնպիսի փարիսեցի մարդու հետ, ինչպիսին Թուրքիայի վարչապետ Էրտողանն է», գրել էր Թանքեանը:

Կեզի այգու պաշտպանութեան ցուցարարների շարքում ակտիւ է պոլսահայերի «Նոր Զարթօնք» նորաստեղծ երիտասարդական միութիւնը: Նրա անդամները տարբեր պաստառներով թուրք հասարակութեանը տեղեկացնում են, որ այգու տարածքում 1551-ից ի վեր մինչեւ 20-րդ դարի սկիզբը գործել է հայկական Սուրբ Յակոբ գերեզմանատունը: «Մեր գերեզմանը վերցրեցիք, մեր այգին չէք կարողանայ վերցնելէ, ասում էր «Նոր Զարթօնք»-ի պաստառներից մէկը: Բացի այդ, նրանք Կեզի այգում բացել են Հրանդ Տինքի խորհրդանշական փողոց:

Պոլսի «Հայթերթ» կայքէջը իր հրապարակումներից մէկում յիշեցրեց, որ ժամանակին քեմալականները Կեզի այգին կառուցելու նպատակով քանդել էին հայկական Սուրբ Յակոբ գերեզմանոցն ու Խոր Վիրապ եկեղեցին: Պոլսի Հայոց պատրիարքութիւնը բազմաթիւ անգամներ դիմել է իշխանութիւններին` հայկական կալուածքը յետ ստանալու ակնկալիքով, սակայն ապարդիւն: Ըստ պատմական տուեալների` Կեզի այգու տարածքը 1550-ական թուականներին հայ համայնքին է յատկացրել Սուլեյման Կանունի սուլթանը` ի երախտագիտութիւն ազգութեամբ հայ իր խոհարար Մանուկ Քարասեֆերեանի, ով սուլթանին տեղեակ էր պահել սպասուող դաւադրութեան մասին:

«Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլութեանը» նախաձեռնութեան անդամներից Ճենկիզ Ալկանը վերջերս Կեզի այգում իր ելոյթում յիշեցրեց, որ 1919-ին այգու տարածքում կանգնեցուել է Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած առաջին յուշարձանը, որը Թուրքիայում հանրապետական կարգեր հաստատելուց յետոյ քանդել են: «Ուզում ենք, որ Կեզի այգի այցելողները տեղեակ լինեն, որ այստեղ 1919-ին կանգնեցուել է Հայոց ցեղասպանութեան յուշարձան: Յուսանք, որ մի օր նոյն տեղում Հայոց ցեղասպանութեան նոր յուշարձան կը կառուցուի»:

Պոլսի «Մարմարա» հայկական օրաթերթը իր յունիսի 7-ի համարում մէջբերել է Կեզի այգում ելոյթ ունեցած մի ցուցարարի խօսքը, ով ասել է, որ «այս զբօսայգու տակ հայերի ոսկորներ կան, իրականում` երկրի գրեթէ բոլոր հողերի տակ ցեղասպանութեան զոհ գնացած հայերի ոսկորներ կան»:

Կեզի այգին արդէն գրեթէ երեք շաբաթ շարունակւում է գտնուել ցուցարարների վերահսկողութեան տակ: Նրանք հարիւրաւոր վրաններ են զետեղել այգում եւ յայտարարում են, որ չեն հեռանայ, քանի դեռ Թուրքիայի իշխանութիւնները չեն հրաժարուել այգին աւերելու եւ նրա տեղում պատմական «Սելիմիէ» զօրանոցը վերականգնելու եւ նոր մզկիթ կառուցելու մտադրութիւնից:

Մայիսի վերջերին Պոլսում սկսուած բնապահպանական շարժումը վերածուեց հակակառավարական շարժման հզօր ալիքի, որը ներառեց նաեւ Թուրքիայի շուրջ եօթ տասնեակ քաղաքներ: Ոստիկանութիւնը անհամաչափ ուժ կիրառեց, արդիւնքում երեք մարդ սպաննուեցին, մի քանի հարիւրը` վիրաւորուեցին:

Ակնյայտ է, որ Կեզի այգին առաջին հերթին պայքար է ոչ թէ մի քանի ծառերի կամ այգու փրկութեան համար, այլ խորքային կռիւ իշխող չափաւոր իսլամամէտների եւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմնակիցների միջեւ: Վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը ամէն առիթով յիշեցնում է, որ ցուցարարների թիկունքում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն է:

Ընդամէնը երկու շաբաթ առաջ դժուար էր անգամ երեւակայել, որ Էրտողանի ու նրա չափաւոր իսլամամէտ կառավարութեան դէմ պայքարը կարող է այսքան բազամաշերտ լինել: Կեզի այգում կողք կողքի սեռական փոքրամասնութիւնների, ձախակողմեան եւ աջակողմեան շարժումների, հայերի ու քրտերի, բազմաթիւ հասարակական ու բնապահպանական կազմակերպութիւնների վրաններն են: Երեկոյեան ժամերին, երբ մարդիկ վերադառնում են աշխատանքից, Կեզի այգին եւ Թաքսիմ հրապարակը հեղեղւում է տասնեակ հազարաւոր մարդկանցով:

Սկզբնական շրջանում Էրտողանը խիստ վիրաւորական բառապաշար էր օգտագործում ցուցարարների հասցէին` նրանց անուանելով լուսանցքային: Հինգշաբթի օրը նա Կեզի այգին լքելու համար մէկօրեայ վերջնագիր ներկայացրեց, սպառնալով, որ անհրաժեշտութեան դէպքում ուժ կը կիրառուի: Սակայն վերջին պահին Թուրքիայի իշխանութիւնները գիտակցեցին, որ ուժի կիրառումը կարող է բերել նոր անկարգութիւնների ու սպանութիւնների` սպառնալով ու խարխլելով «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան մենատիրութեանը: Նրանք համաձայնեցին յետաձգել Պոլսի` ամբողջ երկրում հակակառավարական ցոյցերի էպիկենտրոն դարձած Կեզի այգու վերակառուցման աշխատանքները մինչեւ այս հարցով դատական որոշման կայացումը: Եթէ դատարանն աջակցի կառավարական ծրագրին, ապա նախագիծը կը դրուի հանրաքուէի:

Պոլիս

Յատուկ «Ազդակ»-ի համար

17 June 2013
aztagdaily.com